Ավստրիական պլակատ

Arthur Zelger, 1973

Հին պլակատները հնարավորություն են տալիս մեզ` իրազննորեն հասկանալու կյանքն այնպես, ինչպես այն եղել է անցյալում: Իրենց գործառնության արդյունքում հաճախ այդ պլակատները, շնորհիվ գովազդի ներգործությունն ուժեղացնելու նպատակով օգտագործված կարգախոսների և նկարների, մեզ կարևոր հուշումներ և ավելի շատ տեղեկություններ են տալիս իրենց ժամանակի մասին, քան կարելի է գտնել պատմական այլ աղբյուրներում: Դեռ դարի վերջում Յուլիուս Կլինգերը` ամենաերևելի կիրառական գծանկարիչներից մեկը, կանխատեսել էր, որ նման «գովազդային արվեստը», չունենալով, հավանաբար, հավերժական արժեքներ, կարող է «հավանաբար 50 կամ 100 տարի անց ապացուցել իր նշանակությունը` որպես մշակութային հզոր փաստաթուղթ և լուսաբանման միջոց, որով վաճառականները 20-րդ դարի սկզբին ներկայացնում էին իրենց ապրանքը»:

Իսկական գունավոր գովազդները, հիմնված ֆրանսիական նախատիպերի վրա, Վիեննայում հայտնվեցին միայն 1890 թվականին: Գովազդային պլակատները, հատկապես կոմերցիայի ոլորտում, այստեղ մեծ տարածում ստացան դարի վերջում: Ավստրիացի հայտնի գծանկարիչները նվիրվում էին կիրառական արվեստի այդ ճյուղին:

Երկու աշխարհամարտերի արանքում ընկած ժամանակահատվածում գոյություն ունեին ապրանքների գեղարվեստական գովազդներ, ինչպես նաև ֆիլմերի գունեղ աֆիշներ և առաջին հերթին քաղաքական պլակատներ: Տարբեր կուսակցությունների միջև հաճախ կտրուկ և շատ ագրեսիվ բանավեճերը հստակ արտացոլվում էին 20-ական և 30-ական թվականների նախընտրական պլակատներում:

Հետագայում, սակայն, նացիոնալ-սոցիալիստական քարոզչությունը մեծապես գերազանցեց անցյալի կոշտ թվացող պայքարը: 1945 թվականը վերջապես ազատագրում բերեց ֆաշիստական լծից և պլակատների պատկերները նույնպես միանգամից փոխվեցին: Սկզբում թղթի սուր պակաս կար, ինչի պատճառով հիմնականում առկա էին չորս դաշնակից օկուպացիոն ուժերի պլակատներն ու հանրային հայտարարություններն էին տպվում: Հետագայում` ժողովրդավարական կարգերի վերահաստատումից հետո, ավելացան քաղաքական կուսակցությունների պլակատները: Կոմերցիոն պլակատների վերահայտնվելն արձանագրեց տնտեսական բումի սկիզբը, իսկ ֆիլմերի աֆիշները, ինչպես օրնակ «Երրորդ մարդը» ֆիլմինը, հետպատերազմյան Վիեննայի կյանքի հետաքրքիր ընկալում էին տալիս:

Թարգմանեց Արամ Միրզոյանը